Շիրակի Մարզ

Շիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը՝ Գյումրի:  Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը, Մանթաշի ջրամբարը: Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը:

Շիրակի մարզի տեսարժան վայրեր

Լմբատավանք

Լմպատավանքը  հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։
Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից  մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։
Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։

Հառիճավանք

Պատկեր:Վանական համալիր Հառիճավանք 4.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գտնվում է Հառիճ գյուղում, Գյումրուց 22 կմ հեռավորության վրա: (Նախկինում նաև՝ Ղփչաղավանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Հայկական ճարտարապետական ​​արվեստի շատ յուրօրինակ նմուշ է: Հետաքրքրականն այն է, որ վանքը կառուցելիս օգտագործել են տարբեր երանգների մեծ քարեր: Արդյունքում վանքի պատերը ստացել են անսովոր գեղեցիկ տեսք: Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է Ավետիք Իսահակյանը։

Print Friendly, PDF & Email