Արարատ

Արարատ (ավանդական հայերեն՝ Սիս և Մասիս) հանգած հրաբուխ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։

«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։

Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ։ Ըստ Ծննդոց գրքի՝ Նոյյան տապանն իջել է Արարատի վրա։ Հին Կտակարանի Ծննդոց գրքի ութերորդ գլխի չորրորդ մասի համաձայն՝ Ջրհեղեղից հետո Նոյյան տապանը նստել է «Արարատի լեռների» վրա։

Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։ Մեծ տեղ ունի հայ գրականության և մշակույթի մեջ։ Նոյյան տապանի հետ այն պատկերված է Հայաստանի զինանշանի վրա։ Արարատ լեռը պատմականորեն ասոցացվել է Հայաստանի հետ և լայնորեն ճանաչվել որպես Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշ։ Այն աշխարհագրորեն տեղակայված է պատմական Հայաստանի թագավորությունների կենտրոնում, որի համար էլ համարվում է հայերի պատմական հայրենիքի մի մասը։ Հայերի համար այն հայտնի է որպես «սուրբ լեռ» հիմնականում աստվածաշնչային ջրհեղեղի պատմության պատճառով։ Արարատն անվանվել է Հայաստանի ապրանքանիշ, Հայաստանի այցեքարտ և «ավելի քան լեռ հայերի համար»։

19-րդ դարում, երբ հայկական պետություն գոյություն չուներ, Արարատը խորհրդանշում էր հայկական պետականությունը։ Հայաստանի առաջին հանրապետությունը՝ հայկական ժամանակակից առաջին պետական կառույցը, որը գոյություն է ունեցել 1918-1920 թվականներին, հաճախ անվանվել է Արարատյան Հանրապետություն կամ Արարատի Հանրապետություն, քանի որ այն կենտրոնացած էր Արարատյան դաշտում։

Արարատ բարձրանալու առաջին փորձը կատարվել է Միջնադարում։ Պատմության մեջ գրանցված լեռան առաջին հաջողված վերելքը գրանցվել է 1829 թվականին, երբ առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյանը, Մուրադ Պողոսյանը և երկու ռուս զինվորներ՝ Ալեքսեյ Զդոռովենկոն, Մատվեյ Չալպանովը։

Քաղաքական սահմաններ

Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։ Այն Իրանի և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի սահմաններից հեռու է 16 կմ, իսկ Հայաստանից՝ 32 կմ։ 16-րդ դարից մինչև 1828 թվականը Մասիսը և լեռան հյուսային ստորոտները, ինչպես նաև Սիսի արևելյան ստորոտները Պարսկաստանի կազմում էին, իսկ լեռնաշղթան՝ Օսմանապարսկական սահմանի մի մասն է։ 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո, Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանի կողմից կառավարվող տարածքը մտնում է Ռուսական Կայսրության կազմի մեջ։ Սիսը դառնում է այն կետը, որտեղ միակցվում էին Թուրքիայի, Պարսկաստանի և Ռուսական Կայսրության սահմանները։ Ժամանակակից միջազգային սահմանները ձևավորվել են 20-րդ դարում։ 1920 թվականի թուրք-հայկական պատերազմից հետո լեռը անցնում է Թուրքիայի տիրապետության տակև Թուրքիայի պաշտոնական մասը համարվում՝ 1921 թվականին կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։ 1920-ականների վերջին քրդերի Արարատյան ապստամբությունը կանխելու նպատակով Թուրքիան հատում է Իրանի սահմանը և զավթում Սիսի արևելյան թևը։ Այս շրջանում քուրդ ապստամբները օգտագործում էին տարածքը որպես անվտանգ տարածք՝ Թուրքիայի դեմ։ 1932 թվականի Թեհրանի կոնվենցիայով Իրանի սահմանը փոխվում է հօգուտ Թուրքիայի՝ նրան է հանձնվում Սիսի արևելյան թևը։ Իրանաթուրքական սահմանն այժմ անցնում է Սիսի կողքով։Լեռնագնացների համար Արարատը բաց է միայն «ռազմական թույլտվությամբ»։

Լեռնագնացները պետք է պաշտոնական դիմում ներկայացնեն Թուրքիայի դեսպանատանը հատուկ «Արարատի վիզա» ստանալու համար։ Միաժամանակ պարտադիր է նաև վարձել պաշտոնական ուղեկցորդ Թուրքիայի ալպինիզմի ֆեդերացիայից։ Նույնիսկ նրանք, ովքեր ստացել են թույլտվություն կարող է առանց զգուշացման չթույլատրվեն բարձրանալ լեռը։

ԼԵԳԵՆԴՆԵՐ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՍԻՆ

ԱՐԱՐԱՏ ԵՎ ԱՐԱԳԱԾ

Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։

Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:

am-legends-about-ararat

ՆՈՅՆ ՈՒ ԱՐԱՐԱՏԸ

Ադամից ու Եվայից սերված մարդկությունը աստիճանաբար հեռացավ Աստծուց և չարացավ: Այդ պատճառով Աստված որոշեց ջրհեղեղի միջոցով պատժել ողջ մարդկությանը բացի Նոյից, ով արդար ու բարի մարդ էր և հավատարիմ էր Աստծուն: Ջրհեղեղից առաջ Նա Նոյին պատվիրեց տապան կառուցել, ապա վերցնել իր ընտանիքը, մեկական զույգ բոլոր ցամաքային կենդանիներից և թռչուններից ու մտնել տապան: Ապա սկսվեց ջրհեղեղը, և 40 օր ու 40 գիշեր անձրև տեղաց: Ամեն բան անցավ ջրի տակ և ոչնչացավ:

Նոյան տապանը երկար նավարկելուց հետո կանգ առավ Արարատ լեռան վրա: Ջրերի իջնելու լուրն ավետեց Նոյի բաց թողած աղավնին, որ վերադարձավ՝ կտուցին ձիթենու մի շյուղ բերելով: Յոթ օր անց Նոյը նորից աղավնուն բաց թողեց և այս անգամ աղավնին չվերադարձավ, որից էլ հասկանալի եղավ, որ երկիրը ցամաքել է: Տապանից դուրս գալուց հետո Նոյը զոհասեղան պատրաստեց և զոհ մատուցեց: Աստված ուխտ հաստատեց նրա ու նրա որդիների հետ, որի նշանը եղավ ծիածանը:

Ավանդության համաձայն` Նոյն իր երեք որդիների՝ Սեմի, Քամի, Հաբեթի և նրանց ընտանիքների հետ բնակություն հաստատեց Արարատ լեռան շրջակա բնակավայրերում: Նույն ավանդույթի համաձայն Արարատ լեռից իջնելուց, երբ Նոյը տեսավ ցամաքը, բացականչեց «Երև անդ»: Նոյի իջած առաջին վայրը կոչվեց Նախիջևան, իսկ նրա առաջին տնկին եղավ խաղողի որթը: Նա զբաղվում էր երկրագործությամբ:

ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆՆ՝ ԱՐԱՐԱՏԻ ՎՐԱ․ ԻՐՎԻՆԳ ՖԻՆՔԵԼ

Բրիտանացի նշանավոր պարմաբան, ասորագետ Իրվինգ Ֆինքելն իր «Տապանը մինչ Նոյը․ Միջագետքից Արարատ․ սեպագիր պատմություններ ջրհեղեղի մասին» գրքում ներկայացրել է մի շարք ապացույցներ առ այն, որ Նոյան տապանն իսկապես հանգրվանել է Արարատ լեռան վրա։

Գրքի հիմքում ընկած է  «տապանի աղյուսակներ» անունը ստացած և մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող սեպագիր արձանագրույթան ուղումնասիրությունը, որը լրացնում և պատկերավոր է դարձնում Գիրք Ծննդոցում ներկայացված պատմությունը։ Մինչև վերջերս մասնագետներն ուսումնասիրել էին ջրհեղեղի մասին հնագույն երեք տեքստ, որոնք գրվել են Աստվածաշնչից հազար տարի առաջ։ Չորրորդ տեքստն ուսումնասիրողների համար հասանելի է դարձել միայն 2009 թվականին։ Պարզվել է, որ այն Նոյան տապանի շինարարության մանրամասն ուղեցույցն է։

Գրքում Իրվինգ Ֆինքելն համեմատում է ջրհեղեղի պատմության միջագետքյան, բիբլիական և ղուրանական տարբերակները, ներկայացնում է տապանի կառուցման մանրամասները, և քննում է Արարատ լեռան վրա տապանի վերջնական հանգրվանմանը վերաբերող փաստերը։ Այս գրքի շներհիվ Նոյի և նրա տապանի պատմությունը դադարում է լինել պարզապես որպես լեգենդ։

Իրվինգ Ֆինքելը բրիտանացի ասորագետ է, որը նաև բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի սեպագրության հավաքածուի պահապան-գիտնականներից է։

Ի դեպ, նա այն նշանավոր գիտնականներից է, որը բազմաթիվ հարցազրույցների ընթացքում անդրադարձել է ուրարտական պատմությանը, ծագմանն ու տեղադրությանը՝ փաստելով որ Ուրարտու անվանումը Արարատ և Արմենիա անվանումներ հնագույն տարներակն է։

Print Friendly, PDF & Email